Աղբիւր՝ www.yerkir.am

 

Բաքւում անցկացւող` Ե.Ա.Հ.Կ.-ի 23-րդ տարեկան նստաշրջանում այսօրւանից մեկնարկել են Ե.Ա.Հ.Կ.-ի 3 հիմնական կոմիտէների նիստերը, որոնք անցկացւում են լիագումար նիստերին զուգահեռ: Այդ հիմնական կոմիտէներն են քաղաքական եւ անվտանգութեան հարցերի կոմիտէն, որտեղ Հայաստանը ներկայացնում է Ա.Ժ.-ում Հ.Հ.Կ. խմբակցութեան պատգամաւոր եւ այս նստաշրջանում հայկական պատւիրակութեան ղեկավար Արտաշէս Գեղամեանը, երկրորդը` տնտեսութեան, շրջակայ միջավայրի եւ տեխնոլոգիաների հարցերով կոմիտէն է, որում Հայաստանի ներկայացուցիչն է Բ.Հ.Կ. խմբակութեան պատգամաւոր Ստեփան Մարգարեանը, եւ երրորդ կոմիտէն ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ հումանիտար հարցերի կոմիտէն է, որի աշխատանքներում էլ ընդգրկւած է Ա.Ժ.-ում Հ.Յ.Դ. խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը:

Ժղովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ հումանիտար հարցերի կոմիտէի աշխատանքների ժամանակ այսօր սերբ պատգամաւոր Գորդանա Կոմիչը ներկայացրել է իր պատրաստած զեկոյցը ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների, հումանիտար հարցերի վերաբերեալ: Սերբ պատգամաւորի կողմից զեկոյցը ներկայացւելուց յետոյ եղել են զեկոյցի վերաբերեալ քննարկումներ, որոնց ժամանակ առաջինը ելոյթ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչը: Բաքւից Yerkir.am-ին Աղւան Վարդանեանը յայտնեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչը, շրջանցելով օրակարգի բուն հարցերը, դարձեալ անդրադարձել է Ադրբեջանի հին «երգերին» հայկական «ագրեսիայի», «միլիոն փախստականների», 20 տոկոս «օկուպացւած» տարածքների մասին:

Քննարկումների ժամանակ ելոյթ է ունեցել նաեւ Աղւան Վարդանեանը, ով, ինչպէս պատմեց Yerkir.am-ին, իր զեկոյցը կառուցել է 3 հիմնական հարցերի վրայ:

«Առաջինը, որ զեկոյցի մէջ հղում է կատարւում Հելսինկեան եզրափակիչ ակտին, սակայն այդ եզրափակիչ ակտի հիմնարար դրոյթներից մէկը` իրաւահաւասարութեան եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, ներառւած չէ զեկոյցում, եւ առաջարկեցի, որ զեկուցողն այս հիմնարար սկզբունքը նոյնպէս զեկոյցի մէջ ներառի:

Երկրորդը վերաբերում էր միգրանտների խնդիրներին եւ միգրանտների հանդէպ ատելութեան հողի վրայ գործած յանցագործութիւնների, խտրականութեան վերաբերմունքին: Ես խօսեցի այն մասին, որ խտրական վերաբերմունքն ու ատելութեան հողի վրայ կատարւող յանցագործութիւնները շատ աւելի լայն հասկացութիւն են եւ միայն միգրանտներին չեն վերաբերում ու պէտք է աւելի լայն սպեկտրով սրան նայել, որովհետեւ մեր տարածաշրջանում մենք ունենք նման իրաւիճակ. խօսքը Ռամիլ Սաֆարովի դէպքի մասին է, եւ շատ կարեւոր է, որ Ե.Ա.Հ.Կ.-ն այս խնդիրներին շատ աւելի ընդգրկուն նայի եւ դատապարտի:

Երրորդ հարցն առնչւում էր քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների, լրագրողների հանդէպ հալածանքներին, զեղծարարութիւններին, ինչը շատ տարածւած է Ադրբեջանում, եւ շեշտը դրեցի Ադրբեջանում այդ իրաւունքների ոտնահարման վրայ, բայց նաեւ անցում կատարեցի դրանից` որպէսզի այս հարցերը կարգաւորւեն, պէտք է ե՛ւ Ե.Ա.Հ.Կ.-ն, ե՛ւ Եւրախորհուրդը կարողանան ակտիւ աշխատել տարածաշրջանում, իսկ դա նշանակում է ազատ կարողանան գալ տարածաշրջան, մինչդեռ Ադրբեջանը շատ հաճախ «պերսոնա նոն գրատա» է յայտարարում այն անձանց, ովքեր նախապէս` մինչ Ադրբեջանին հարցնելը, այցելել են Լեռնային Ղարաբաղ»,- ներկայացրեց Աղւան Վարդանեանը:

Հ.Յ.Դ. խմբակցութեան քարտուղարը յիշեցրեց, որ այս վերջին երեւոյթի մասին նաեւ առաւօտեան Ֆրանսիայի ներկայացուցիչը` Վեհաժողովի փոխնախագահ Ալան Ներին է խօսել` անդրադառնալով այս օրերին գրանցւած միջադէպին, երբ Ադրբեջանն այս միջոցառմանը մասնակցելու համար մուտքի վիզա չէր տրամադրել ֆրանսիացի պատւիրակներից մէկին` այն պատճառաբանելով նախապէս Լ.Ղ.Հ. այցելելու հանգամանքով: Ներին շեշտել է, որ դա մարդու իրաւունքների ոտնահարում է: Ու քանի որ ֆրանսիացի պատգամաւորն եւս այդ հարցը բարձրացրել էր, այդ երեւոյթին անդրադարձել է նաեւ Աղւան Վարդանեանը` շեշտելով նման երեւոյթների անթոյլատրելիութիւնը: Նա առաջարկել է, որ զեկոյցի ու բանաձեւերի մեջ ընդգրկնի դրոյթ, որը կը բացառի նման վերաբերմունքը պատգամաւորների հանդէպ:

Վերջում հայ պատգամաւորն աւելացրել է, որ չի անդրադառնայ իր ադրբեջանցի գործընկերոջ բոլոր մեղադրանքներին, այլ ընդամենը մէկ բան է շեշտել. «Ասացի, որ եթէ միջազգային հանրութիւնն առաջարկում է, իսկ Հայաստանը համաձայն է դրան, որ դիպուկահարները յետ քաշւեն շփման գծից, որպէսզի ամէն օր զոհեր չլինեն, ապա Ադրբեջանը համառօրէն հրաժարւում է միջազգային հանրութեան այդ պահանջը կատարելուց ` դրանով սրելով կոնֆլիկտային իրաւիճակը»:

Ի դէպ, Աղւան Վարդանեանն աւելացրեց, թէ նայում է պատուհանից ու տեսնում, որ Ադրբեջանի հսկայ դրօշը դարձեալ չկայ. երէկ կար, բայց գիշերն ուժեղ քամի է եղել, եւ կարծես, դարձեալ պատռւել է այդ հանրայայտ դրօշը: